Բուդվայում կայացած բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Հենրիկ Սահակյանը, Հենրիկ Ճղրիկյանն ու արծաթե մեդալակիր դարձած Էլիդա Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել են Եվրոպայի առաջնությունն ու կիսվել տպավորություններով.
«Ոչ մի մենամարտս հեշտ չի եղել,յուրաքանչյուր մենամարտում կյանք եմ դրել ու ատամներով պահել եմ: Եզրափակիչն ամենաբարդ մենամարտն էր, բայց ամեն ինչ արեցի, որ գնամ երազանքիս հետևից, թեև վնասվածք ունեի, բայց ամեն ինչ արեցի,որ դա ինձ չխանգարի:
Սա առաջին մեդալս էր, զգացողություններս անբացատրելի են, դեռ չեմ հավատում, որ հաղթել եմ: Նայում եմ մեդալին, նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել»,- ասել է 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը:
Էլիդա Քոչարյանի խոսքով, թեև արծաթե մեդալն էլ հիանալի արդյունք էր, բայց հետագայում անպայման ձգտելու է ոսկուն.
«Ցանկությունը շատ էր, որ ոսկե մեդալով վերադառնայի, բայց եզրափակչում ինչ-որ բան չստացվեց: Հետևություններ ենք արել, սխալները պետք է ուղղենք մարզումների ընթացքում: Երկրորդ տեղը զբաղեցրի, էլի քայլ առաջ էր, շատ գոհ եմ, բայց ապագայում պետք է ձգտեմ ավելիին ու ավելի բարձր արդյունքներ գրանցեմ»:
Իսկ գյումրեցի բռնցքամարտիկ, 86 կգ քաշաին Հենրիկ Ճղրիկյանն ասում է՝ երբեք այնքան հանգիստ մենամարտ չէր անցկացրել,որքան՝ ԵԱ-ի եզրափակչում.
«Անգամ Հայաստանի առաջնություններն այդքան հանգիստ ու լավ տրամադրված չեմ մենամարտել, ինչպես եզրափակչում: Լսել եմ թե՛ մեր մարզիչներին, թե՛ մեզ աջակցողներին և շատ հանգիստ հաղթահարել եմ չեխ բռնցքամարտիկի արգելքը եզրափակչում»:
Երիտասարդ բռնցքամարտիկներն ընդգծել են՝ իրենց գլխավոր նպատակը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելն է:
Հիշեցնենք՝ բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ԵԱ-ում թիմային հաշվով զբաղեցրել էր 3-րդ տեղը: Մեր ընտրանին այս առաջնությունում 5 մեդալ էր նվաճել: Արծաթե մեդալակիր էր դարձել նաև Մանվել Պետրոսյանը (57 կգ), իսկ Էրիկ Իսրայելյանը (60 կգ)՝ բրոնզե: