ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ռումինիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի և Ռումինիայի ազգային հավաքականների ֆան ակումբները միասնական ակցիա են իրականացրել.
«Քանի դեռ մենք մեծարում ենք մեր ընկածներին, նրանք անմահ են»,- գրված է երկրպագուների պարզած պաստառի վրա:
Հիշեցնենք՝ ռումինացի ֆուտբոլասերներն այս տարվա ապրիլի 24-ին մեկ այլ ակցիա էին իրականացրել՝ իրենց երկրի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նրանք Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը։ Մարդկությունը պետք է իմանա ճշմարտությունը» գրությամբ մեծ պաստառ էին տեղադրել:
Ռումինիայի ազգային հավաքականի երկրպագուների՝ «Uniti sub tricolor» շարժման անդամները նաև հայտարարություն էին տարածել Facebook–ի իրենց էջում, որտեղ մասնավորապես ասվում էր. «Մեր մտքերն այսօր հայ ժողովրդի և ՖԱՖ-ի մեր եղբայրների հետ են։ Մենք միասին ենք նաև տառապանքի մեջ ու հույս ունենք, որ իրենց ազգի հանդեպ իրականացված հանցագործությունն ու կոտորածը կճանաչվի ամբողջ աշխարհում՝ որպես պատմական անարդարության շտկում»։
Հիշեցնենք՝ Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 11-ին, և կմեկնարկի ժամը 22:45-ին: