Արագ շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմել է հաղթանակի իր գլխավոր մոտիվացիայի մասին․
«Կարծում եմ՝ ամենամեծ մոտիվացիաս այն էր, որ մասնակցում էի իմ նախկին մարզչի՝ Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարին, ու ցանկանում էի ամեն բան անել՝ լավ հանդես գալու ու հաղթելու համար։
Արագ շախմատում ամեն ինչ շատ լավ դասավորվեց, չնայած առաջին պարտիայում պարտվեցի Զավեն Անդրիասյանին, ի դեպ անցած տարի էլ առաջին պարտիայում ոչ-ոքի էի խաղացել, բայց հետո մի քանի հաղթանակներից հետո գլխավորեցի աղյուսակը։

Ինչ վերաբերում է դասական շախմատի առաջնությանը, առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերով հեշտ հաղթանակ տարա, բայց երկրորդ ու երրորդ տուրերում այնքան էլ լավ չդրսևորեցի ինձ։ Կենտրոնացման պակաս ունեի, ու դա կարծում եմ՝ գլխավոր պատճառն էր, ըստ որի չկարողացա այդուհետ պայքարել առաջին տեղի համար»,- խոստովանել է երիտասարդ շախմատիստը։

Առաջիկայում Հայկ Մարտիրոսյանը պլանավորած մի քանի մրցաշարեր ունի, որոնց պետք է մասնակցի․
«Փետրվարի 18-ին կմեկնարկի Աերոֆլոտ Օփեն մրցաշարը, որին կմասնակցեմ 4-րդ անգամ։ Այնուհետև մտադիր եմ մասնակցել Եվրոպայի անհատական առաջնությանը, ինչպես նաև Ռեյկյավիկ Օփեն մրցաշարին, որը ևս շատ ուժեղ առաջնություն է լինելու» ,- եզրափակել է իր խոսքը Հայկ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի առաջնության արծաթե մեդալն էր նվաճել՝ 5․5 միավոր։ Չեմպիոնի կոչումը կարիերայում առաջին անգամ նվաճել էր Սամվել Տեր-Սահակյանը՝ 9 տուրից հետո վաստակելով 6 միավոր։