«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն հրաժարվել է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր-լիգա։ 30-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է եղել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, «Նապոլին» պատրաստ է եղել Ինսինյեին բաց թողնել ռուսական ակումբ 30 մլն եվրոյի դիմաց, հենց այդքան էլ «Զենիթն» առաջարկել է։ Սակայն անձամբ Լորենցոն հրաժարվել է ռուսական կողմի բավականին շահավետ առաջարկից․ նրա աշխատավարձը կարող էր տարեկան 8 մլն եվրո կազմել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին 48 մլն եվրո է գնահատում։ 2020/21 մրցաշրջանում Ինսինյեն բոլոր մրցաշարերում 48 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը դարձել է Եվրո-2020-ի հաղթող։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինսինյեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերը», «Էվերթոնը» և «Տոտենհեմը»։ Ամենայն հավանականությամբ հենց լոնդոնյան ակումբում էլ իտալացի ֆուտբոլիստը կշարունակի կարիերան։ Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Հիմա կողմերը, փաստացի, բանակցություններ չեն վարում պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։