Մարզիչ Արմինե Ավետիսյանը, ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է 18-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում։ ելույթը 32-րդ Խաղերին․
Վարսենիկ Մանուչարյանը 100 մ ազատ ոճում գրանցեց 59.18 արդյունքը ու չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
«Վարսենիկի ելույթը կգնահատեմ միջինից մի փոքր բարձր։ Իր անհանգստությունը, այս մեծ մրցումները տեսնելը նրան խանգարեց։ Ընդհանուր առմամբ նա շատ լավ էր պատրաստվել, պետք է որ լավ լողար։ 50 մետրը շատ լավ սկսեց, թե հետո ինչ պատահեց ․․․ ինձ հետո պատմեց, որ start-ի մոտ կանգնած՝ ոտքերը դողացել է։ Բայց չէ՞ որ ամեն ինչ շատ լավ էր ․․․ դեռ երիտասարդ է, նրա մոտ ամեն ինչ դեռ առջևում է։
Լավ է ,որ այս տարիքից մասնակցեց նման մեծ մրցման, տեսավ, թե ինչ է կատարվում։ Այս փորձը միանշանակ օգտակար կլինի»,- ասել է Ավետիսյանը։
Արմինե Ավետիսյանը, որը Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ լողորդ Արթուր Բարսեղյանի մարզիչն է, խոսել է նաև նրա ելույթի մասին․
«Արթուրը շատ ոգևորված է իր ելույթից հետո, քանի որ թարմացրեց թե՛ իր անձնական ռեկորդը, թե՛ Հայաստանի ռեկորդը։ Երկու տարի մրցումներ չէր եղել, ու հիմա վերջապես սայլը տեղից շարժվեց»,- ասել է Արմինե Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ մեր մարզիկը ՕԽ լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում գրանցեց 49.78 արդյունք։ Չորրորդ լողահերթում Արթուրը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 38-րդ տեղը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։
Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում։
Գևորգ Ղազարյան՝
Տոկիոյից հատուկ ArmSport-ի համար