Նիդերլանդների Արքայական ֆուտբոլային միությունը կանանց և տղամարդկանց հաջորդ մրցաշրջանից թույլ կտա սիրողական մակարդակում խաղալ միևնույն թիմում։ Այս օրենքը կներմուծվի՝ Նիդերլանդների 9-րդ դիվիզիոնի թիմում փորձարկվելուց հետո։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների Արքայական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Ավելի վաղ կանանց և տղամարդկանց Նիդերլանդներում թույլատրվում էր միասին խաղալ երիտասարդական մակարդակում, բայց 18 տարեկանը լրանալուն պես աղջիկները պետք է տեղափոխվեին կանանց լիգա․ խառը թիմերին թույլ չէր տրվում մասնակցել A կատեգորիայի մրցաշարերին։
«Հիմնվելով ժամանակակից աշխարհի և հետազոտությունների արդյունքների վրա՝ մենք այլևս պատճառ չենք տեսնում նախկին կանոնները պահպանելու։ Մենք նախապատվությունը տալիս ենք հավասարությանն ու բազմազանությանը։
Մենք ցանկանում ենք, որ աղջիկներն ու կանայք իրենց համապատասխան տեղը գտնեն ֆուտբոլային աշխարհում՝ իրենց որակների և ամբիցիաների հիման վրա»,- ասել է Նիդերլանդների սիրողական ֆուտբոլի ղեկավար Յան Դիրկ վան դեր Զեեն։
























































