Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացրել է «Մրցաշրջանի լավագույն խաղացող» մրցանակի հավակնորդներին։
Sky Sports-ը հայտնում է, որ պատվավոր մրցանակի համար կպայքարեն «Նորվիչ Սիթիի» միանգամից երկու խաղացող՝ կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան և հարձակվող Տեեմու Պուկին, ինչպես նաև «Բրենտֆորդի» հարձակվող Այվան Տոնին։
Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում Բուենդիան 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Պուկիի ակտիվում 40 խաղ կա և 29 միավոր գոլ+փոխանցում համակարգում (25+4), մինչդեռ Տոնին 42 խաղում դարձել է 29 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հաղթողը հայտնի կդառնա հինգշաբթի՝ ապրիլի 29-ին, հատուկ միջոցառման ընթացքում։
«Նորվիչ Սիթին» 44 խաղից հետո 93 միավոր է վաստակել ու արդեն իսկ ապահովել է իր մասնակցությունն ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանին։ Մրցաշրջանի մնացած երկու խաղում «Նորվիչը» պետք է ընդամենը մեկ միավոր վաստակի, որպեսզի հռչակվի Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանի հաղթող։
«Բրենտֆորդը» 43 խաղից հետո 78 միավոր է վաստակել ու Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Թիմն ԱՊԼ-ում իր տեղն ապահովելու համար կմասնակցի փլեյ-օֆֆին։