Այսօր կկայանան նաև Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները։ Մեզ սպասվում է անչափ հետաքրքիր 8 դիմակայություն։
Այսօրվա դուելներում ակնհայտ ֆավորիտ դժվար է առանձնացնել։ Առաջին հայացքից անուններով միգուցե կարող ենք ասել, որ այս ինչ թիմն ավելի ուժեղ է, քան մյուսը, սակայն դա միայն թղթի վրա․ իրականում ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում։
Օրինակ, «Գրանադա»–«Մյոլդե» զույգում շատերը կնշեն իսպանական ակումբին որպես ֆավորիտ, բայց պետք չէ մոռանալ, որ «Մյոլդեն» նախորդ փուլում մրցաշարից դուրս թողեց Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմին», որը ևս համարվում էր ֆավորիտ։ Նույնը կարելի է ասել նաև «Դինամո Կիև»–«Վիլյառեալ» խաղի մասին, որտեղ ևս մեկ իսպանական ակումբ հաղթողի հիմնական հավակնորդն է։ Բայց ուկրաինական թիմը «ամուր ընկույզ» է և Լուչեսկուի գլխավորությամբ բավականին լավ մրցաշրջան է անցկացնում։ Թերագնահատել նրանց ամենևին պետք չէ։
Անձամբ ինձ համար շատ հետաքրքիր դիմակայություն է «Սլավիա»–«Ռեյնջերս» հանդիպումը։ Չեխական ակումբը շատ լավ մրցաշրջան է անցկացնում, ներքին առաջնությունում նա ապացուցելու ոչինչ չունի, և ժամանակն է միջազգային ասպարեզում դրսևորել թիմի ներուժը։ Նույնը կարելի է ասել նաև «Ռեյնջերսի» մասին, որը Ջերարդի գլխավորությամբ ժամկետից շուտ ապահովեց Շոտլանդիայի չեմպիոնի կոչումը և այժմ ամբողջովին կարող է կենտրորնանալ Եվրոպա Լիգայի վրա։ Ակնկալվում է գոլառատ և համառ պայքար այս դիմակայությունում։
Լոնդոնյան երկու ակումբներին ևս համառ դիմադրություն է սպասվում․ «Արսենալը» արտագնա խաղում կհանդիպի «Օլիմպիակոսի» հետ, իսկ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի Զագրեբի «Դինամոյին»։ Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում նաև Նիդերլանդների և Շվեյցարիայի չեմպիոնների միջև․ «Այաքսը» սեփական հարկի տակ կհանդիպի «Յանգ Բոյսի» հետ։
⚽ Սուպերհանդիպումը․ «Մանչեսթեր Յունայթեդ»–«Միլան»
Անկասկած, Եվրոպա լիգայի այս փուլի զարդը Հին Աշխարհի ամենատիտղոսակիր թիմերից երկուսի դիմակայությունն է․ «Մանչեսթեր Յունայթեդ»–«Միլան»։ Այսպիսի դիմակայություն 2000-ականների սկզբին կարելի էր պատկերացնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կամ նույնիսկ եզրափակչում։ Բայց, ավաղ, այժմ ժամանակները մի փոքր փոխվել են․․․
Ինչ վերաբերվում է այսօրվա խաղին։ «Կարմիր սատանաները» կադրային բարդ իրավիճակ ունեն: «Միլանի» հետ նրանք կխաղան առանց հիմնական դարպասապահի ՝ Դավիդ դե Խեայի, ով ազատ է արձակվել երեխայի մոտալուտ ծննդյան պատճառով: Բացի այդ, բացակայում է կարևոր ֆուտբոլիստների մի ամբողջ խումբ, այդ թվում `Պոգբան, Ռեշֆորդը և Շոուն: Արդեն այս հանգստյան օրերին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջնությունում դժվար տնային հանդիպում է սպասվում «Վեստ Հեմի» հետ: Մարզչական շտաբը ստիպված կլինի ճիշտ բաշխել ուժերը:
Իտալական ակումբը մինչ վերջերս թվում էր չեմպիոնության իսկական հավակնորդն է Ա Սերիայում, բայց վերջին շաբաթներին ամեն ինչ ընթանում է ոչ այդքան լավ՝ Եվրոպայի լիգայի վերսկսմամբ, ինչպես նաև վնասվածքների առատության պատճառով: Օրինակ, Ստեֆանո Պիոլին չի կարող հույս դնել Զլատան Իբրահիմովիչի վրա այս խաղում․ ցավոք, շվեդ վետերանը բաց կթողնի նախկին թիմի դեմ առաջին հանդիպումը:
Թե ինչպես կավարտվի այսօրվա հանդիպումը, անհնար է կանխատեսել․ միգուցե մի փոքր կարելի է առավելություն տալ ՄՅՈւ-ին՝ թիմի վերջին հաջողությունների ֆոնին, սակայն․․․ Եկեք չգուշակենք, ամեն ինչ պարզ կլինի արդեն այս երեկո։
⚽ Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի
Այսօր «Ռոմայի»գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար յուրահատուկ օր է․ նրանք կհանդիպեն իրենց նախկին թիմին՝ Դոնեցկի «Շախտյորին»։
Ուկրաինական ակումբի ճամբարում ամեն ինչ չէ, որ հարթ է․ չնայած միջազգային ասպարեզում թիմը լավ տպավորություն է թողնում, սակայն ներքին առաջնությունում դոնեցկյան ակումբը վերջերս այդքան էլ չի ուրախացնում իր արդյունքներով։ Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ ակումբը դիտարկում է Ալեգրիի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում, և դա ի՞նչ է նշանակում․ թիմում դժգո՞հ են Կաշտրույից։ Համենայն դեպս, նման շշուկները ազդում են թիմում տիրող մթնոլորտի վրա։
Ինչ վերաբերվում է «գայլերին», հարցական է թիմի առաջատարներից մեկի՝ Էդին Ջեկոյի մասնակցությունն այս խաղին։ Նա նոր է ապաքինվել վնասվածքից և օրերս է սկսել մարզվել։ «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է հարձակվող Էդին Ջեկոյի մարզավիճակը: «Ինձ համար դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին. արդյո՞ք Ջեկոն պատրաստ կլինի Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղին: Էդինը վերականգնվում է, օրերս նա խաղադաշտ մտավ: Կտեսնենք, թե ինչպես է լինելու առաջիկա օրերին»,- մեջբերում է մասնագետին La Gazzetta dello Sport-ը։ «Ո՞վ կարող է նրա փոխարեն խաղալ հարձակման գծում։ Պեդրոն չի կարող, իսկ ահա Մխիթարյանը կարող է խաղալ այդ դիրքում»,- ավելացրել է մասնագետը։
Համենայն դեպս, այս դիմակայությունում ակնհայտ ֆավորիտ առանձնացնելը նույնն է, ինչ «ղուշ և գիր» խաղալը և այս երկու թիմերն էլ ունակ են զարմացնելու թե վատ իմաստով, թե՝ լավ։
⌛ Հանդիպումների ժամանակացույցը․
«Այաքս»–«Յանգ Բոյս» 21։55
«Դինամո Կիև»–«Վիլյառեալ» 21։55
«Մանչեսթեր Յունայթեդ»–«Միլան» 21։55
«Սլավիա»–«Ռեյնջերս» 21։55
«Օլիմպիակոս»–«Արսենալ» 00։00
«Տոտենհեմ»–«Դինամո Զագրեբ» 00։00
«Գրանադա»–«Մյոլդե» 00։00
«Ռոմա»–«Շախտյոր» 00։00