Հայտնի են «Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտայի տրանսֆերային նպատակները:
Նա ցանկանում է կատալոնական թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին և «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային: Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ իրենց ակումբների հետ ավարտվում են առաջիկա ամռանը: Նրանք ազատ խաղացողի կարգավիճակ կստանան:
Գործակալ Պինի Զահավին, որը ներկայացնում է ավստրիացու շահերը, անցած շաբաթ ժամանել է Բարսելոնա՝ կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ: Հիմա նրանք միասին են աշխատում: Նրանք կապ են հաստատել Լապորտայի շտաբի հետ ու հավաստիացրել, որ «Ռեալի» հետ դեռևս պայմանագիր չի կնքվել: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Զահավին և Ռամադանին Լապորտային հայտնել են, որ Ալաբան հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ, ինչի շուրջ արդեն բանավոր համաձայնության են եկել: Ոչ մի փաստաթուղթ դեռևս չի ստորագրվել: Մոտ ժամանակներս կողմերը կքննարկեն հարցի ֆինանսական կողմը:
Հաղորդվում է, որ Ագուերոն ևս ուրախ կլինի տեղափոխվել «Բարսելոնա»: Նրա գործակալը դեռ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում է Լապորտային և մյուս թեկնածուին՝ Վիկտոր Ֆոնտին հայտնել, որ Ագուերոն ցանկանում է միանալ «Բարսելոնային»: Ագուերոն համաձայն է անգամ աշխատավարձի նվազեցման, բայց ցանկանում է բոնուսներ ստանալ պայմանագիրը ստորագրելիս: Ենթադրվում է, որ Ագուերոյի և Լիոնել Մեսսիի ընկերությունը կարող է օգնել Լապորտային համոզել Մեսսիին մնալ «Բարսայում»: