«Լոռիի» ավագ Արթուր Ավագյանը ArmSport-ի հետ զրույցում պատմել է VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրում «Նոայի» նկատմամբ տարած տնային հաղթանակի և այլ հարցերի մասին․
«Լոռին» այսօր՝ մարտի 4-ին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Նոային» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը․
«Շնորհակալ ենք «Նոային» խաղի համար։ Փորձեցինք ամբողջովին կատարել մարզչական շտաբի առաջադրանքները։ «Նոան» շատ լավ տպավորություն թողեց, ունեն լավ մարզչական շտաբ, լավ կոլեկտիվ են, առջևի գծում ունեն ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են հարցեր լուծել։ Առհասարակ, մեր առաջնությունում այսօր բոլոր թիմերն են բավականին բարդ մրցակիցներ։ Այսօր կարծում եմ՝ թիմային աշխատանքի շնորհիվ կարողացանք հաջողության հասնել»,- ասում է Արթուր Ավագյանը։
Հաջորդ տուրում՝ մարտի 8-ին, «Լոռին» դարձյալ կմրցի «Նոայի» հետ, այս անգամ՝ Երևանում։
«Վստահ եմ՝ հետաքրքիր խաղ կստացվի։ Ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար, տեսնենք՝ ինչ կստացվի»։
Այս հաղթանակից հետո վանաձորյան թիվն իր միավորների թիվը հասցրեց 23-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Արթուր Ավագյանն ասում է՝ ամեն ինչ անելու են եվրագավաթային գոտում իրենց տեղն ապահովելու համար․
«Մենք միշտ մեր առջև ամեն խաղի 3 միավոր վաստակելու խնդիր ենք դնում։ Կտեսնենք՝ առաջնության ավարտին ինչ կստացվի, ամեն դեպքում պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի կարողանանք ապահովել մեր տեղը եվրագավաթների գոտում։ Վերջին երկու տարում Հայաստանի առանության մակարդակը զգալիորեն բարձրացել է , շատացել է պայքարը, բոլոր թիմերը պայքարում են երեք միավորի համար ու բոլորը բոլորից կարող են միավորներ խլել։ Այնպես որ՝ հեշտ չի լինի»։
Տրանսֆերային պատուհանի վերջում «Լոռին» հայտարարեց մի շարք նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու մասին։ Արթուր Ավագյանի խոսքով՝ իրենց ակումբում նորեկները հարմարվելու խնդիր չեն ունենում․
«Մեր ակումբում հարմարվելու խնդիր առհասարակ չկա, առաջին օրվանից ֆուտբոլիստներին այնպես ենք ընդունում, որ շատ հեշտ են հարմարվում։ Այսօր մեր երկու գոլերն էլ խփեցին նորեկները, այնպես որ կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է։ Աստիճանաբար խաղակցվածությունն ավելի կլավանա ու արդյունքն արդեն տեսանելի կլինի»։
Եվ վերջում, Արթուր Ավագյանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին՝ իրենց անհավանական աջակցության համար։ Տևական դադարից հետո, ինչպես հայտնի է, երկրպագուները հնարավորություն են ստացել մարզադաշտից աջակցելու իրենց սիրելի թիմերին․
«Շատ ուրախ ենք երկրպագուների վերադարձի համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ աջակցելու համար։ Առանց երկրպագուների շատ դժվար է ֆուտբոլում։ Նրանք աներևակայելի էմոցիաներ են մեզ տալիս։ Շնորհակալ ենք, շատ երկար էինք սպասել այս օրվան»։