Grand Slam-ի մրցումների կրկնակի հաղթող, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական պատմել է արձակուրդի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ինքը սկսել է վախենալ սեփական կյանքի համար:
Դեպքը տեղի է ունեցել փադլբորդինգով զբաղվելիս՝ Տերկս և Կայկոս կղզիներում.
«Քույրս ստիպեց ինձ կանգնել փադլբորդի վրա, իսկ հետո ջրի հոսանքն ինձ այնքան հեռու տարավ, որ ես քիչ էր մնում մահանայի: Նախկինում երբեք դրանով չէի զբաղվել: Չեմ սիրում օվկիանոսը, այդ իսկ պատճառով որոշեցինք տան մոտակայքում դրանով զբաղվել: Բայց հանկարծ հոսանքը մեզ այնպես տարավ, որ վախեցա, քանի որ տանից շատ հեռացանք: Ջուրը սև էր, իսկ տունը վերածվել էր փոքր կետի: Ավելին, ես այնքան էլ լավ չեմ լողում: Այդ ժամանակ ես սկսեցի մտածել շնաձկների մասին ու բղավեցի քրոջս. «Եթե ես մահանամ, ստիպված կլինես մայրիկին պատմել, թե դա ինչպես տեղի ունեցավ»:
Ես տախտակի վրա էի, իսկ քույրս ասաց, որ շնաձուկ է տեսել: Ես սկսեցի բղավել ու լաց լինել: Բայց քանի որ ես այստեղ եմ, ուրեմն ամեն ինչ լավ ավարտ է ունեցել: Այդ պահին ես մտածեցի, որ չեմ ցանկանում այդպես մահանալ»,- Օսակայի խոսքերն է փոխանցում WTA-ի պաշտոնական կայքը:
WTA-ի վարկանիշային աղյուսակում Օսական 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: