Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահություն է հայտնել, որ կարող է գերազանցել Իրանի ազգային թիմի հարձակվող Ալի Դայեի ռեկորդը հավաքականում խփած գոլերի քանակով:
«Բոլոր ռեկորդները պետք է գերազանցվեն, և այդ ռեկորդը ևս ես կգերազանցեմ»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Դայեին համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդակիր է ազգային հավաքականների շրջանում: Իրանի հավաքականի կազմում անցկացրած 149 խաղում նա 109 գոլ է խփել: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 164 խաղում դարձել է 99 գոլի հեղինակ: Համապատասխանաբար, իրանցու ռեկորդը գերազանցելու համար 34-ամյա պորտուգալացին պետք է 11 գոլ խփի:
Պորտուգալիայի հավաքականն ապահովել է իր մասնակցությունը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին` B խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնելով: Խմբից դուրս եկավ նաև Ուկրաինայի ընտրանին:
Եվրո-2020-ի եզրափակիչ հատվածի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: