ArmSport-ը առաջարկում է ծանոթանալ վերջին շաբաթվա միջազգային կարևորագույն տրանսֆերային իրադարձություններին համառոտ։
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել ռուսական «Տամբովի» հետ: Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով: Կարապետյանը 2019 թվականի հուլիսին միացել էր «Սոչիին»: Նա ՌՊԼ-ի 21 հանդիպման է մասնակցել նախորդ մրցաշրջանում՝ խաղադաշտում ընդհանուր առմամբ 491 րոպե անցկացնելով: Այդ ընթացքում Կարապետյանը 2 գոլ է հեղինակել: Նշենք՝ մինչև ռուսական ակումբ տեղափոխվելը 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Լյուքսեմբուրգի առաջնությունում:
Լեգալ Սպորտ գործակալության անդամ, Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը պաշտոնապես տեղափոխվել է Սլովակիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Նիտրա» ակումբ:
«Ինտերի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը ձեռք է բերել Ալեքսիս Սանչեսի ամբողջական տրանսֆերը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն անցած մրցաշրջանն անցկացրել էր միլանյան ակումբի կազմում վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Մանչեսթեր Յունայթեդին»: «Ինտերի» հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականը:
Պաշտպան Նատան Ակեն դարձել է «Մանչեսթեր Սիթիի» խաղացող: Այս մասին հայտնում է «քաղաքաբնակների» մամուլի ծառայությունը: Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 40 միլիոն ֆունտ: Նիդերլանդցու հետ պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով:
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերրան Տորեսի տեղափոխության մասին: 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 5 տարով: 2019/2020 մրցաշրջանում Տորեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 34 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ:
«Բարսելոնան» 4,5 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Սան Պաուլուի» հարձակվող Գուստավո Մայային: Ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է 19-ամյա բրազիլացի հարձակվողի հետ հնգամյա պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստի պայմանագրում որպես փոխհատուցման գումար 300 միլիոն եվրո է նշված: Մայան Իսպանիայում առաջին մրցաշրջանը կսկսի «Բարսելոնայի» երկրորդ թիմի կազմում:
«Այնտրախտի» մամուլի ծառայությունը հայտարարել է կիսապաշտպան Լուկաս Տորոյի հեռանալու մասին: 26-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Օսասունայում»:
Պաշտպան Ակսել Դիսասին «Ռեյմսից» տեղափոխվեց «Մոնակո»: Մոնեգասկների մամուլի ծառայությունը նշում է, որ 22-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի հունիսը: Անցած մրցաշրջանում Դիսասին «Ռեյմսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Նշենք, որ Լոնդոնի «Արսենալը» նույնպես հավակնում էր ֆուտբոլիստին:
«Հոֆենհայմը» պայմանագիր է կնքել «Այնտրախտի» և Սերբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Միյատ Գաչինովիչի հետ: Տրանսֆերի գումարը չի բացահայտվել: 26-ամյա կիսապաշտպանը «Հոֆենհայմի» հետ կնքել է քառամյա պայմանագիր: 2019/20 մրցաշրջանում Գաչինովիչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Նա Սերբիայի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Վրացական ֆուտբոլի երբեմնի տաղանդ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ջանո Անանիձեն մեկ տարվա պայմանագիր կստորագրի Վոլգոգրադի «Ռոտորի» հետ: 27-ամյա կիսապաշտպանը տարեկան կստանա 12 մլն ռուբլի աշխատավարձ: Նրա վերջին ակումբը եղել է Կիպրոսի «Անորտոսիսը»: Անանիձեն հանդես է եկել նաև «Ռոստովում» և «Կռիլյա-Սովետովում»:
Լեհաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արթուր Բորուցը մեկամյա պայմանագիր է կնքել «Լեգիայի» հետ, որի կազմում նախկինում ևս հանդես է եկել: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական էջը: 2005 թ-ին Բորուցը տեղափոխվել է «Սելթիկ», որտեղից սկսվել է միջազգային կարիերան: Հանդես է եկել «Ֆիորենտինայում», «Բոուրնմուտում», «Սաութհեմփթոնում» և այլ ակումբներում:
«Լոկոմոտիվի» պաշտպան Բրայան Իդովուն կարիերան կշարունակի «Խիմկիում»: Նիգերիայի հավաքականի պաշտպանը միացել է ՌՊԼ-ի նորեկ ակումբին վարձակալական հիմունքներով, որը նախատեսված է մինչ այս մրցաշրջանի ավարտը։