«Ուրալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Պարֆյոնովը, Ռուսաստանի Գավաթի 1/2 եզրափակչում «Խիմկիին» պարտվելուց հետո (1-3), հրաժարական է ներկայացրել:
«Ձախողեցինք խաղը: Կա որոշում: Հեռանում եմ թիմից: Շնորհակալ եմ ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին՝ յուրաքանչյուրին: Արդյոք սա պաշտոնակա՞ն որոշում է. բոլոր հարցերն ուղղեք նախագահին»,- ասել է Պարֆյոնովը «Матч ТВ»-ի ուղիղ եթերում:
Պարֆյոնովը 2018 թվականից է գլխավորում «Ուրալը»:
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակում «Ուրալը» 11-րդ տեղն է զբաղեցնում: 29 խաղում Եկատերինբուրգը ներկայացնող ակումբը 9 հաղթանակ է տարել, 8 ոչ-ոքի խաղացել ու կրել 12 պարտություն:
Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ կընդունի «Լոկոմոտիվին»: Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Հիշեցնենք՝ թիմի հայ պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը փետրվարին վնասվածք էր ստացել «Արարատ-Արմենիայի» հետ ընկերական խաղում, վերականգնվելուց հետո դեռևս ոչ մի խաղի չի մասնակցել «Ուրալի» կազմում: