«Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Շատ կարևոր է, որ արդեն երկրորդ անգամ ենք հաղթանակ տոնում։ Նման հանդիպումներն այս շրջանում օգնում են վստահ մոտենալ առաջնությանը։ Կարելի է ասել, որ հիմա լավ մարզավիճակ հավաքելու ճանապարհին ենք։ Կփորձենք հաջորդ խաղերում էլ հաղթել ու բարելավել մեր խաղը, որովհետև ունենք նոր խաղացողներ և շատ կարևոր է խաղակցվածությունը բարելավելն ու խաղադաշտում միմյանց ավելի լավ հասկանալը»։
ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Նորեկներից մի քանիսի հետ մոտ 10 օր է՝ մարզվում ենք, ինչ-որ չափով արդեն հասկանում ենք միմյանց, հուսով եմ այն ավելի կբարելավվի, իսկ մակարդակի մասին դեռ կասեմ, որ լավ ֆուտբոլիստներ են և հույս ունենք՝ օգտակար կլինեն թիմին»։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ
«Ինչ-որ չափով դժվարություն կար այս շրջանում, քանի որ գրեթե չենք հանգստացել, բայց դրան էլ կարող ենք սովորել: Ինձ թվում է՝ արդեն բոորս էլ պատրաստ ենք, մարզումներին ծանրաբեռնվածությունն այնպես է բաշխված, որ բոլորս էլ պատրաստ ենք նոր մրցաշրջանին»։