«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության շուրջ ստեղծված վերջին իրադարձությունների մասին.
«Առաջին լիգայի որոշ թիմեր այժմ խնդիրների առաջ են կանգնած ու նոկդաունի մեջ են։ Ես կարծում եմ, որ սա ֆեդերացիայի մեծ ձեռքբերումն էր, որովհետև Առաջին լիգայում տեղի ունեցած խայտառակությանը նրանք վերջ դրեցին՝ ավարտելով առաջնությունը։
Պետք չէր վախենալ նման կերպ վարվել, ընդհակառակը, ֆեդերացիան բնավորություն դրսևորեց այստեղ: Ինձ թվում է այս գործը պետք է ավարտին հասցնել, թերի միջոցներն այստեղ չեն օգնում: Բոլոր այն մարդիկ, որոնք հետաքրքություն են դրսևորել հայկական ֆուտբոլի նկատմամբ՝ ստեղծելով թիմ միայն շահույթ ստանալու համար ու ֆուտբոլը վերածել են կեղտոտ բիզնեսի, կարծում եմ՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Պետք չէ կանգ առնել կես ճամփին:
Այս որոշումը հայկական ֆուտբոլում այս մրցաշրջանի մեծ հաղթանակն ու նվաճումն էր»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը: