ՄՅՈՒ-ն ուզում է երկարաձգել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագրի ժամկետը։
Ինչպես հաղորդում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Յունայթեդը» պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ է սկսել խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Ֆրանսիացու կողմը ՄՅՈՒ-ից առաջին առաջարկին է սպասում։ Նշվում է, որ պայմանագրի երկարաձգումն առայժմ համաձայնեցված չէ։
ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հույս է հայտնել, որ Պոգբան կարիերան կշարունակի Մանչեսթերում։
«Հուսով եմ՝ կարող ենք ինչ-որ բան անել։ Պոգբան վերադարձից հետո ավելի ու ավելի լավ տեսք ունի։ Նա իր խաղից հաճույք է ստանում։ Տեսնենք, թե այն մեզ ուր կտանի։
Չեմ կարող մեկնաբանել որոշումները, որ կայացնում են խաղացողն ու ակումբը, բայց, իհարկե, ուզում ենք լավագույն ֆուտբոլիստներին թիմում պահել։
Ուզում ենք ապագայի համար կազմ ստեղծել, ու Սկոթն ու Նեմանյան նման կարգավիճակ ունեն, բայց կարիերայի տարբեր փուլերում են գտնվում (Մաքթոմինին ու Մատիչն ավելի վաղ երկարաձգել էին ՄՅՈՒ-ի հետ պայմանագրերը)։ Մեկը սկզբնական փուլում է, մյուսը՝ իսկապես փորձառու։ Մեզ նաև պետք են ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ծաղկման փուլում են»,- ասել է Սուլշերը։
Այս մրցաշրջանում Պոգբան ՄՅՈՒ-ի կազմում ԱՊԼ-ում մասնակցել է 11 խաղի ու դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանի մեծ մասը 27-ամյա ֆրանսիացին բաց թողեց վնասվածքի պատճառով։