Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, շուտով կդառնա «Ինտերի» խաղացող:
Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի, այսօր ակումբները կկարգավորեն տրանսֆերի վերջին մանրամասները, իսկ վաղը 21-ամյա մարոկկացի խաղացողը բուժզննում կանցնի միլանյան ակումբի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքի գումարը կազմում է 40 միլիոն եվրո՝ ներառյալ հավելյալ բոնուսներ: Նշվում է, որ «Բորուսիան» փորձել է գնել Հակիմիի ամբողջական տրանսֆերը, սակայն զիջել է մրցակցությունը իտալական գրանդին:
Միլանյան ակումբ տեղափոխվելու հիմնական պատճառն այն է, որ մի քանի ամիս առաջ Հակիմին «Ռեալի» ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում լինել պահեստային խաղացող: Իր հերթին, «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երաշխավորել է Հակիմիին, որ նա կունենա իր տեղը մեկնարկային կազմում:
Մեկ այլ պատճառներից մեկն էլ պայմանագրի պայմաններն են: «Ինտերը» առաջարկել է ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր ՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով: Սա շատ ավելի բարձր է, քան նա ստանում «Ռեալում»: Մադրիդյան ակումբը ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում չի կարող բարձրացնել նրա աշխատավարձը: