«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլի հետ զրույցում խոսել է ռասիզմի դեմ պայքարի մասին.
«Հիմա ես զգում եմ, որ խոսում եմ սևամորթ մարդկանց մեծամասնության անունից: Բոլորը հոգնել են: Մեր հասարակության տարբեր ճյուղերում շատերը օգնություն էին կանչում: Բողոքներից հետո մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, այս իրավիճակն արդեն տեղափոխվում է Մեծ Բրիտանիա: Շատ մարդիկ լռել են խնդրի մասին:
Հիմա շատ հարմար ժամանակ է ոչ միայն պատասխաններ ստանալու, այլև հասարակությանը փոխելու համար: Ինձ պես մարդիկ ունենք հարթակ՝ ճիշտ տեղերում հայտարարություններ անելու համար, և դա կարող է հանգեցնել փոփոխությունների»,- Սթերլինգի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել է ամերիկյան Մինեապոլիս քաղաքի փողոցներից մեկում՝ ոստիկանների կողմից բռնի կերպով բերման ենթարկվելու արդյունքում: Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի մի քանի նահանգներում մասսայական անկարգություններ են սկսվել, ակցիաներ են իրականացվում նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում: Հայտնի մարդիկ, կազմակերպություններն ու սոց.ցանցերի օգտատերերը ակցիաներին մասնակցում են «Սևամորթների կյանքը կարևոր է» (#BlackLivesMatter) հեշթեգով: