«Մանչեսթեր Յունայթեդի» նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն, որի իրավունքները պատկանում են չինական «Շանհայ Շենհուա» ակումբին, հաղորդել է, որ կլքի խաղադաշտը, եթե խաղի ընթացքում ռասիզմի դրսևորում նկատի։
«Եթե ինձ վիրավորեն, մրցավարին կտեղեկացնեմ ու կտեսնեմ՝ ինչ են անում, բայց եթե նրանք ոչինչ չձեռնարկեն այդ առիթով, կլքեմ խաղադաշտը։ Չինաստանի խաղերից մեկի ժամանակ ինձ այլ անունով կոչեցին, ու խաղից հետո ես ձեռք չսեղմեցի։ Գնացի ուղիղ հանդերձարան, բարկացած էի ու այդ մասին ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրի։ Ոչ ոք չպետք է հաշտվի ռասիզմի հետ։ Մենք բոլորս մարդիկ ենք։ Չնայած մեր մաշկի գույնին՝ բոլորս նույնն ենք, նույն աշխարհում ենք ապրում, նույն կյանքն ենք ապրում»,- Իգալոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՅՈՒ-ն Իգալոյի վարձակալությունը երկարաձգել է մինչև 2021 թվական։