52-ամյա մասնագետ Աբրահամ Խաշմանյանն այսօր կնշանակվի «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Ըստ մեր տեղեկությունների, Աբրահամ Խաշմանյանն արդեն համաձայնության է եկել «Լոռիի» հետ, սպասվում է, որ վանաձորյան ակումբը շուտով պաշտոնապես կհայտարարի այդ մասին:
Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաև «Լոռիի» մամուլի քարտուղարության հետ, սակայն, դեռևս ապարդյուն:
Հիշեցնենք՝ Աբրահամ Խաշմանյանի վերջին աշխատավայրը եղել է Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզչի պաշտոնը լքել է այս տարվա փետրվարին: Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, «Արարատում», «Ալաշկերտում» և այլ ակումբներում:
Ինչ վերաբերում է «Լոռիին», ապա թիմն անցած տարվա ամառվանից գլխավորում էր իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան: Կամպանյայի գլխավորությամբ վանաձորյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ 19 խաղից հետո վաստակած 33 միավորով:
Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից հետո Կամպանյան, որն այս օրերին գտնվում է Իսպանիայում, «Լոռիի» խաղերին հետևել է հեռավար եղանակով, ինչի մասին պարբերաբար գրառումներ է կատարում ֆեյսբուքի իր էջում:
Իսկ 19-րդ տուրի՝ «Շիրակի» հետ Գյումրիում կայացած խաղից հետո (2-1) «Լոռիի» իսպանացի մարզիչները, ի աջակցություն Կամպանյայի, պարզեցին Իսպանիայի դրոշը՝ «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար» գրությամբ»: