Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի պաշտպան Դոդոն կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում կամ Գերմանիայում, հայտնում է Le10sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ն աջ պաշտպանի է փնտրում որպես փոխարինող Թոմա Մենյեիին, որի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին: ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հետաքրքրվել է 21-ամյա բրազիլացու ծառայություններով: Հաղորդվում է, որ դոնեցկյան ակումբը ֆուտբոլիստից պատրաստ է բաժանվել 30 մլն եվրոյի դիմաց, իսկ Մյունխենի «Բավարիան» պաշտպանի համար 20 մլն եվրո է առաջարկել:
Դոդոն «Շախտյոր» է տեղափոխվել բրազիլական «Կորիտիբայից» 2018 թվականի հունվարին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուկրաինական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Դոդոն «Շախտյորի» կազմում բոլոր մրցաշարերում 24 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: