Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է բաժանվել Գարեթ Բեյլից: Վերջերս «սերուցքայինները» փորձել են 30-ամյա ուելսցի ֆուտբոլիստին վաճառել MLS-ի ակումբներից մեկին, որի անունը չի հաղորդվում: Այս մասին հայտնում է AS-ը:
Խոսքն Արևելյան կոնֆերենցիայում հանդես եկող ակումբներից մեկի մասին է: «Ռեալին» մերժել են, քանի որ Բեյլի ֆինանսական պահանջները շատ բարձր են: Հարձակվողը գործող պայմանագրի համաձայն տարեկան մոտ 15 մլն եվրո է վաստակում և մտադիր չէ մեծ զիջումների գնալ՝ մեկ այլ ակումբ տեղափոխվելու դեպքում:
Բեյլը 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: Իսպանական ակումբի հետ նա մեկ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: