Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» պատրաստվում են իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բարսելոնային» առաջարկել ավելի քան 100 միլիոն եվրո։ Բացի այդ, գործարքի հաջողության դեպքում անգլիական ակումբը նախատեսում է զգալիորեն բարձրացնել Ֆերմինի աշխատավարձը։
Ընդգծվում է, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին», սակայն ֆուտբոլիստի գլխավոր առաջնահերթությունը կատալոնական թիմում մնալն է։ Միևնույն ժամանակ, 23-ամյա խաղացողը ցանկանում է բարելավել իր պայմանագրի ֆինանսական կետերը, որպեսզի ակումբում իրեն ավելի գնահատված զգա։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆերմինը բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։

























































