Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբի ղեկավարությանը խնդրել է կապ հաստատել կատալոնական «Բարսելոնայի» հետ՝ ուսումնասիրելու թիմի ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերի հնարավորությունը։ Խոսքը իսպանացի կիսապաշտպան Գավիի մասին է։
Ինչպես հաղորդում է El Nacional պարբերականը, Էնրիկեն բարձր է գնահատում Գավիին՝ խաղադաշտում նրա ինտենսիվության, ագրեսիվ պրեսինգի և մարտական բնավորության համար։ Իսպանացի մասնագետի կարծիքով՝ կիսապաշտպանն իդեալապես կհամապատասխանի փարիզյան թիմի խաղաոճին։
«Բարսելոնայում» ամենևին չեն ցանկանում բաժանվել 22-ամյա ֆուտբոլիստից, սակայն ակումբում հասկանում են, որ նման մակարդակի խաղացողի՝ մշտապես պահեստայինների նստարանին մնալը կարող է հանդերձարանում լուրջ խնդիրներ ստեղծել։
Ընթացիկ մրցաշրջանում Գավին այնքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում․ Լա լիգայի վերջին երկու հանդիպումներում նա բոլոր 90 րոպեներն անցկացրել է պահեստայինների նստարանին, քանի որ կատալոնական ակումբի միջին գծում բավականին լուրջ մրցակցություն է ձևավորվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գավիի հավանական տրանսֆերի արժեքը կարող է կազմել շուրջ 40 միլիոն եվրո։

























































