Սաուդյան «Ալ-Հիլալն» ու ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման երկկողմանի համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը։ Այս մասին պաշտոնապես հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել 38-ամյա ֆուտբոլիստին թիմի ելույթներում ունեցած ավանդի, դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և առաջնորդական որակների համար՝ հաջողություն մաղթելով նրան կարիերայի հաջորդ փուլում։
Հիշեցնենք, որ Բենզեման «Ալ-Հիլալին» էր միացել 2026 թվականի հունվարին՝ «Ալ-Իթիհադից» հեռանալուց հետո։ Այս ընթացքում նա հասցրել է մասնակցել 16 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 10 գոլ և 5 արդյունավետ փոխանցում։
Ավելի վաղ ֆրանսիացի աստղային հարձակվողը պաշտպանել է նաև ֆրանսիական «Լիոնի» և Մադրիդի «Ռեալի» գույները։




























































