Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն: Ռուս հայտնի ինսայդեր Իվան Կարպովի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստն արդեն Տոլյատիում է և այժմ բուժզննում է անցնում տեղի «Ակրոն» ակումբ տեղափոխությունն ավարտին հասցնելու նպատակով:
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի դիմաց ռուսական ակումբը կվճարի 70 միլիոն ռուբլի: Կողմերը նախատեսում են կնքել երկարաժամկետ համաձայնագիր, որը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի ամառը: Հատկանշական է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Հովհաննիսյանը լեգեոներ չի համարվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում առ այն, որ «Ակրոնը» վերջնական համաձայնության է եկել հայ ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ և 1 գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։




























































