Ռուսական «Ակրոնը» լրջորեն հետաքրքրված է Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է հայտնի ռուս ինսայդեր Կարպովը։
Ըստ աղբյուրի՝ Տոլյատին ներկայացնող ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Փյունիկին» առաջարկել է 70 միլիոն ռուբլի (845 հազար դոլար), իսկ անձամբ խաղացողի հետ բանակցություններ են ընթանում 5 տարվա պայմանագիր կնքելու շուրջ։ Նշվում է, որ երևանյան ակումբը դեռևս վերջնական պատասխան չի տվել և ժամանակ է խնդրել մտածելու համար։ Զուգահեռաբար «Ակրոնը» դիտարկում է նաև այլ թեկնածուների տարբերակներ։
Կառլեն Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է և իր կարիերայի մեծ մասն անցկացրել է հարազատ ակումբում։ Երևանյան ակումբի համակարգի բոլոր թիմերի կազմում նա ընդհանուր առմամբ մասնակցել է 81 հանդիպման, հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայում՝ դառնալով 6 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
2023 թվականին կիսապաշտպանը տեղափոխվել է ԲԿՄԱ, որտեղ անցկացրել է իր պարտադիր զինվորական ծառայությունը։ Բանակային ակումբի կազմում 2 մրցաշրջանի ընթացքում նա անցկացրել է 53 խաղ՝ դառնալով 4 գոլի և 1 ասիստի հեղինակ։
2025 թվականի հունիսին Հովհաննիսյանը վերադարձել է «Փյունիկ», գրեթե անմիջապես ամրապնդվել հիմնական կազմում և շուտով հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Գլխավոր թիմի մարզաշապիկով նա արդեն հասցրել է մասնակցել Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի ընտրանիների դեմ կայացած հանդիպումներին։




























































