Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է հեռանալ հունգարական «Ֆերենցվարոշից»: Ինչպես հայտնում է հունգարական Origo-ն, 25-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իսրայելական «Հապոել Պետահ Տիկվան»:
Վարձավճարով անցկացրած մրցաշրջաններից հետո Սևիկյանն այս ամռանը վերադարձել էր հունգարական ակումբ: «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Բալաշ Բորբելին նրան դրսևորվելու հնարավորություն էր տվել երկու հանդիպումներում. հայ կիսապաշտպանը 16 րոպե խաղաժամանակ էր ստացել Եվրոպա լիգայի որակավորման փուլի «Վոյվոդինայի» դեմ խաղում, ապա մեկ խաղակես էր անցկացրել Հունգարիայի առաջնության՝ «Վաշաշի» դեմ մրցավեճում:
Սակայն դրանից հետո Սևիկյանը դադարել է հայտնվել խաղադաշտում։ Թեև «Տվենտեի» և «Գուրնիկ Զաբժեի» դեմ եվրագավաթային առաջին հանդիպումներում նա դեռևս պահեստայինների նստարանին էր, սակայն այժմ ընդհանրապես դուրս է մնացել թիմի հիմնական հայտացուցակից:
Sport5-ի փոխանցմամբ՝ «Հապոել Պետահ Տիկվան» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին, իսկ հունգարական հեղինակավոր Üllői129.hu աղբյուրը հաստատել է, որ իսրայելական ակումբի հետաքրքրությունը միանգամայն իրական է:
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ» էր տեղափոխվել 2024 թվականի սկզբին։ Հունգարիայի առաջնության 12 խաղում դառնալով ընդամենը 1 գոլի հեղինակ՝ նա խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարով տեղափոխվել էր նախ Մոսկվայի «Լոկոմոտիվ», ապա՝ Տոլյատիի «Ակրոն»։



























































