Իսրայելական Hapoalim B.M. (POLI.TA) բանկը համաձայնվել է վճարել ավելի քան 30 միլիոն դոլար՝ փողերի լվացմանը մասնակցելու համար՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում (ՖԻՖԱ) կոռուպցիոն սկանդալի շրջանակներում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը:
Hapoalim B.M. բանկը համաձայնվել է վճարել այդ գումարը ՝ քրեական հետապնդումներից խուսափելու համար։
Բանկի և նրա Շվեյցարիայի դուստր ձեռնարկության ներկայացուցիչները խոստովանել են, որ իրենց աշխատակիցները օրինականացրել են ավելի քան 20 միլիոն դոլար, ասվում է նախարարության հայտարարության մեջ: Այս գումարը ՖԻՖԱ-ի պաշտոնյաները ստացել են կաշառքների տեսքով:
Հաղորդվում է, որ Hapoalim B.M. (POLI.TA) բանկը, ԱՄՆ կառավարության հետ համաձայնագրով, վճարելու է 30 միլիոն դոլար: Ըստ հետաքննությունն իրականացնող ԱՄՆ դատախազության ներկայացուցիչների, գումարները բանկի միջոցով անցկացրել են 2010-ի դեկտեմբերից մինչև 2015-ի փետրվար:
«Գրեթե հինգ տարի Hapoalim B.M.-ի աշխատակիցները ԱՄՆ ֆինանսական համակարգը օգտագործում էին տարբեր երկրներում կոռումպացված ֆուտբոլային պաշտոնյաների տասնյակ միլիոնավոր դոլարների կաշառքները լվանալու համար», — ասել է Բրայան Բենչկովսկին ՝ ԱՄՆ Արդարադատության նախարարության քրեական դատախազության գլխավոր դատախազի օգնականը:
2015-ի մայիսին ՖԻՖԱ-ում բռնկվեց խոշոր կոռուպցիոն սկանդալ: Ֆուտբոլի յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են կոռուպցիայի համար: Դրանից հետո Ժոզեֆ Բլատերը, ով այն ժամանակ ՖԻՖԱ-ի ղեկավարն էր, հրաժարական տվեց: Նա հետագայում վեց տարով հեռացվեց ֆուտբոլից:
Բլատերի հրաժարականից հետո Ջանի Ինֆանտինոն դարձավ ՖԻՖԱ-ի նոր նախագահ: Նա ընտրվել է այս պաշտոնում 2016-ի փետրվարին: 2017-ի մայիսին ելույթ ունենալով Բահրեյնում՝ ՖԻՖԱ-ի համագումարում, Ինֆանտինոն հայտարարեց, որ կազմակերպությունը «վերականգնում է իր հեղինակությունը» և դարձել է նոր «թափանցիկ և խորապես ազնիվ» կազմակերպություն: