Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆեռան Տոռեսը, ում խփած միակ գնդակը ԱԱ-2026-ի եզրափակիչում աշխարհի չեմպիոնի տիտղոսը բերեց «Ֆուրիա Ռոխային», կիսվել է իր տպավորություններով:
Նյու Ջերսիում կայացած խաղի լրացուցիչ ժամանակում՝ 106-րդ րոպեին, փոխարինման դուրս եկած Տոռեսը գրավեց գործող չեմպիոն Արգենտինայի դարպասը՝ ապահովելով իր թիմի պատմական հաղթանակը (1:0):
Խաղից հետո խառը գոտում ՖԻՖԱ-ի հեռարձակողներին տված հարցազրույցում «Բարսելոնայի» ֆուտբոլիստը նշել է, որ այս հաղթանակը տրված էր վերևից.
«Կարծում եմ՝ վերջնարդյունքում այս գոլը 47 միլիոն իսպանացիների շնորհիվ էր, ոչ միայն նրանց, ովքեր այստեղ՝ դաշտում էին: Այսօր մեր ճակատագիրը կանխորոշված էր, գրված էր, որ մենք պետք է հաղթենք: Մենք այսօր հեռու ենք մեր ժողովրդից, բայց փորձեցինք հնարավորինս մոտ լինել նրանց:
Եզրափակիչները միշտ բարդ են լինում: Երբ դիմացդ խաղում է Լիոնել Մեսսին, անկասկած, անհանգստանում ես, բայց մենք միշտ հավատացել ենք մեր ուժերին, փորձել ենք ցուցադրել մեր ֆուտբոլը, և կարծում եմ՝ մեզ հերթական անգամ հաջողվեց դա անել»,- ասել է Տոռեսը։
Տոռեսի համար այս գոլը կրկնակի կարևոր էր, քանի որ այն մրցաշարում նրա առաջին և միակ գնդակն էր.
«Հսկայական թեթևացում եմ զգում գոլից հետո: Ամբողջ մրցաշարի ընթացքում ես քննադատությունների թիրախում էի, բայց, ինչպես արդեն ասացի, ճակատագիրը գրված էր: Փառք Աստծո, Նա ինձ միշտ ուժ է տալիս շարունակելու, և ի վերջո՝ տալիս է այն, ինչին արժանի ես»։
























































