Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 2010թ. աշխարհի չեմպիոն Անդրես Ինիեստան կիսվել է իր սպասելիքներով ԱԱ-2026-ի գլխավոր հանդիպումից՝ խոսելով այն մասին, թե ինչպես իսպանացիները կարող են կանգնեցնել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին եզրափակիչում։
«Մեսսիին ամբողջությամբ փակելն ուղղակի անհնար է։ Խնդիրն ավելի շուտ այն է, թե Իսպանիան որքանով կկարողանա սեփական խաղով վնասել Արգենտինային՝ ստեղծելով ու իրացնելով գոլային պահերը։ Լեոյի մասին խոսելն ավելորդ է, անգամ բառեր չեմ գտնում նկարագրելու համար։ Նրա վճռականությունը, ինքնավստահությունն ու այն ամենը, ինչ նա անում է յուրաքանչյուր խաղում… Մնում է միայն խոնարհվել դրա առաջ»,- Ինիեստայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Խոսելով իսպանացիների տրամադրվածության մասին՝ ֆուտբոլի լեգենդն ընդգծել է, որ Իսպանիայի հավաքականի խաղացողները պարտավոր են դաշտ դուրս գալ առանց վախի նշույլի անգամ.
«Վախենալով չես կարող ֆուտբոլ խաղալ։ Նրանք եզրափակիչին մոտենում են լիակատար ինքնավստահությամբ։ Ամեն ոք հստակ գիտի իր անելիքը։ Անկախ նրանից, թե ով և որ դիրքում դաշտ դուրս կգա, նրանք վստահություն են ներշնչում, որ ամեն ինչ վերահսկողության տակ է»,- հավելել է իսպանացին։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության Արգենտինա — Իսպանիա եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Իսթ-Ռութերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































