Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը կիսվել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Արգենտինայի դեմ սպասվող հանդիպման սպասելիքներով։ Անգլիացի կիպերը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ հաղթանակի համար անհրաժեշտ է կանգնեցնել ոչ միայն մրցակցի ավագին, այլև ողջ թիմին։
«Հիանալի կլիներ առաջին անգամ հաղթել Մեսսիին, բայց դա կախված է ամբողջ թիմից, այլ ոչ միայն նրանից։ Արգենտինան հիանալի հավաքական է»,- Պիկֆորդի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Դարպասապահն ընդգծել է, որ այս դիմակայությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։
«Բոլորս գիտենք, թե որքան լավն է Մեսսին։ Իր անհավանական կարիերայի ընթացքում նա բազմաթիվ գոլեր է խփել, և ինձ համար նրա դեմ խաղալն յուրահատուկ կլինի, քանի որ ես նրան հետևել եմ դեռ մանկուց»,- նշել է Պիկֆորդը։
Միևնույն ժամանակ, անգլիացին հորդորել է կենտրոնանալ ոչ միայն արգենտինացիների աստղային հարձակվողի վրա.
«Մենք չենք կարող մտածել միայն Լեոյի մասին։ Պետք է հաշվի առնել Արգենտինայի՝ որպես ամբողջական թիմի ուժը, ուշադրություն դարձնել նրանց այլ որակներին և փնտրել թույլ կողմեր, որոնք կարող ենք օգտագործել մեր օգտին»։
Անդրադառնալով հնարավոր հետխաղյա 11-մետրանոցներին և ընթացիկ առաջնությունում Մեսսիի երկու վրիպումներին՝ դարպասապահը հավելել է.
«Եթե բանը հասնի 11-մետրանոցներին, չեմ կարծում, որ Մեսսին կանհանգստանա այս առաջնությունում իր երկու վրիպումների պատճառով։ Ոչ ոք 100 տոկոսանոց արդյունավետություն չունի»։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի Անգլիա — Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին։
























































