Երևանի «Նոան» շարունակում է ակտիվությունը տրանսֆերային շուկայում։ Թիմի կազմը համալրել է կոնգոլեզական ծագում ունեցող ֆրանսիացի պաշտպան Սթոուն Մամբոն։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա կենտրոնական պաշտպանի նախորդ ակումբը ֆրանսիական Լիգա 2-ը (երկրորդ դիվիզիոն) ներկայացնող «Գրենոբլն» էր։
Նշվում է, որ հայկական ակումբը պաշտոնապես գնել է խաղացողի տրանսֆերային իրավունքները ֆրանսիական կողմից։
Նոր թիմի կազմում Սթոուն Մամբոն հանդես կգա 4 համարի խաղաշապիկով:
«Բարի գալուստ և հաջող ելույթներ ենք մաղթում Սթոուն Մամբոյին մեր թիմի կազմում»,- ասված է երևանյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելացնենք, որ Սթոուն Մամբոն ծնվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, սակայն ունի նաև Ֆրանսիայի քաղաքացիություն և իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է ֆրանսիական ակումբներում։



























































