Համացանցում լայն տարածում են գտնում տեսանյութեր, որտեղ Արգենտինայի ազգային հավաքականի երկրպագուները բուռն կերպով տոնում են ԱԱ-2026-ում Եգիպտոսի նկատմամբ տարած կամային հաղթանակը։ Այդպիսի մի դրվագի հերոս է դարձել հասարակական տրանսպորտի մի վարորդ, որն աշխատանքային ժամին պարզապես չի կարողացել զսպել հույզերը։
Տարածված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդն անսպասելիորեն կանգնեցնում ավտոբուսը և ուղևորների հետ միասին մեծ ցնծությամբ նշում արգենտինացիների տպավորիչ «քամբեքը»։
Նախօրեին Արգենտինայի ընտրանին չափազանց ծանր հանդիպում էր անցկացրել Եգիպտոսի հավաքականի դեմ։ Մինչև հանդիպման 79-րդ րոպեն հարավամերիկացիները զիջում էին 0-2 հաշվով, սակայն մնացած ժամանակահատվածում կարողացան բեկել խաղի ընթացքն ու հաղթել 3-2 հաշվով։ Արգենտինացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Քրիստիան Ռոմերոն, Լիոնել Մեսսին և Էնցո Ֆերնանդեսը։ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի ընտրանու հետ։
JAJAJA, el chofer FRENÓ EL COLECTIVO en el 3-2 de Argentina para festejar y ABRAZARSE CON LOS PASAJEROS.
Tipazo absoluto, qué hermoso video. 🥹🇦🇷 pic.twitter.com/rEQXBnOrnw
— Ataque Futbolero (@AtaqueFutbolero) July 8, 2026






















































