Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն կոշտ պատասխան է տվել Պարագվայի Սենատի անդամ Սելեստե Ամարիլյային, որն ավելի վաղ աչքի էր ընկել ֆուտբոլիստի հասցեին հնչեցրած ռասիստական և ծայրահեղ վիրավորական արտահայտություններով։
Ավելի վաղ կին սենատորը հայտարարել էր, թե Մբապեն կրծքի կաթի փոխարեն «կոկոս է կերել», և որ նրա շրջապատում «ամենակիրթ էակները շիմպանզեներն են եղել»։ Այս և մի շարք այլ կոպիտ արտահայտություններ անարձագանք չեն մնացել ֆրանսիացի հարձակվողի կողմից։
Իր պաշտոնական հայտարարության մեջ Կիլիան Մբապեն նշել է.
«Տիկի՛ն Սելեստե Ամարիլյա, դուք արհամարհելի կին եք և արժանի չեք ձեր զբաղեցրած պաշտոնին։ Դուք չեք ներկայացնում Պարագվայը՝ մի երկիր, որն ամբողջ մրցաշարի ընթացքում աննկարագրելի կիրք է դրսևորել։ Ձեր անխոհեմության և բացահայտ ռասիզմի պատճառով ամբողջ աշխարհն արդեն մոռացել է այս Մունդիալում ձեր ֆուտբոլիստների անցած ուղու և ձեռքբերումների մասին։ Այժմ բոլորը քննարկում են մի ոչ կոմպետենտ կնոջ, որն իր երկիրը ներկայացնում է վատագույն լույսի ներքո։ Ես երբեք թույլ չեմ տա, որ նման մարդիկ ազատորեն տարածեն իրենց ատելությունն ու ռասիզմն ամբողջ աշխարհում», — պատասխանել է Մբապեն։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության շրջանակներում Ֆրանսիայի ընտրանին 1-0 հաշվով պարտության էր մատնել Պարագվայի ազգային հավաքականին։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 11-մետրանոց հարվածով հեղինակել էր հենց Կիլիան Մբապեն։
























































