Ավարտվեց 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Բրազիլիա – Նորվեգիա հանդիպումը, որն իսկական սենսացիա գրանցեց մրցաշարում։ ԱՄՆ-ի Իսթ-Ռաթերֆորդ քաղաքի «Մետլայֆ» ստադիոնում կայացած խաղում սկանդինավյան հավաքականը 2:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ հարավամերիկացիների նկատմամբ:
Խաղի սկիզբն արդեն իսկ անհաջող էր բրազիլացիների համար։ 14-րդ րոպեին գլխավոր մրցավար Իսմայիլ Էլֆաթը VAR համակարգի միջամտությունից հետո 11-մետրանոց նշանակեց նորվեգացիների դարպասին՝ Մատեուս Կունյայի նկատմամբ խախտման համար, սակայն Բրունո Գիմարայեսը չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը։
Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, դաշտ դուրս եկավ Նեյմարը, բայց խաղի հերոսը վիճակված էր դառնալ նորվեգացի աստղային հարձակվողին։ 79-րդ րոպեին Էրլինգ Հալանդը բացեց հանդիպման հաշիվը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին կրկնապատկեց այն՝ ձևակերպելով դուբլ։ Բրազիլացիներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 90+10-րդ րոպեին Նեյմարը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, սակայն ավելին անել հնարավոր չէր:

Այս հանդիպումով Էրլինգ Հալանդը պատմական նվաճում գրանցեց։ Նա դարձավ 21-րդ դարում առաջին եվրոպացին, ով գոլի հեղինակ է դառնում իր նորամուտի աշխարհի առաջնության անընդմեջ առաջին 4 հանդիպումներում՝ կրկնելով իտալացի Կրիստիան Վիերիի՝ 1998 թվականի ռեկորդը (ըստ Squawka-ի)։ Մինչ այս ԱԱ-2026-ում Հալանդը գրավել էր նաև Իրաքի (դուբլ), Սենեգալի (դուբլ) և Կոտ դ’Իվուարի (1 գոլ) դարպասները:
Այսպիսով, Նորվեգիայի հավաքականը նվաճեց 1/4 եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի Մեքսիկա — Անգլիա զույգի հաղթողի հետ (հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին): Բրազիլիայի ընտրանին լքում է մրցաշարը։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինան է, որը 2022 թվականի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային:
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
























































