Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին շարունակում է փայլել ԱԱ-2026-ում։ Կաբո Վերդեի դեմ 1/16 եզրափակչի դրամատիկ խաղում, որն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով՝ լրացուցիչ ժամանակում գրանցված 3:2 հաշվով, 39-ամյա հարձակվողը ոչ միայն օգնեց իր թիմին դուրս գալ հաջորդ փուլ, այլև գրանցեց միանգամից մի քանի տպավորիչ ցուցանիշ։
Հանդիպման 29-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը՝ Մեսսին խփեց իր 20-րդ գոլն աշխարհի առաջնությունների պատմության մեջ։
Ինչպես հաղորդում է Opta Analyst-ը, արգենտինացին դարձավ 1962 թվականից ի վեր առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ-ի 5 անընդմեջ հանդիպումներում՝ կրկնելով մրցաշարի ռեկորդային շարքը։ Լեոյի այս տպավորիչ արդյունքի հիմքը դրվել էր դեռևս ԱԱ-2022-ում, որտեղ նա աչքի էր ընկել Ավստրալիայի (1/8 եզրափակիչ), Նիդերլանդների (1/4 եզրափակիչ), Խորվաթիայի (կիսաեզրափակիչ) և Ֆրանսիայի (եզրափակիչ) դեմ խաղերում։
Նախկինում Մունդիալների փլեյ-օֆֆ-ի 5 անընդմեջ խաղերում գոլ խփել հաջողվել էր միայն բրազիլացիներ Լեոնիդասին (1934-1938թթ․) և Վավային (1958-1962թթ․), ինչպես նաև հունգարացի Դյորդ Շարոշիին (1934-1938թթ․):
Բացի պատմական այս նվաճումից, Մեսսին կրկնեց նաև մեկ Աշխարհի առաջնությունում խփած գոլերի իր անհատական ռեկորդը։ Կաբո Վերդեի դարպասը գրավելուց հետո ընթացիկ մրցաշարում նրա գոլերի քանակը հասավ 7-ի։ Ճիշտ նույնքան գոլ նա խփել էր նաև Կատարում կայացած ԱԱ-2022-ում։
Սակայն ուշագրավ է մի կարևոր փաստ․ եթե նախորդ առաջնությունում իր 7 գոլերից 3-ը նա հեղինակել էր 11-մետրանոց հարվածներով, ապա ԱԱ-2026-ում արգենտինացինն իր բոլոր 7 գնդակները խփել է բացառապես խաղային իրավիճակներից։
























































