Իրանի ազգային հավաքականի ավագ Մեհդի Տարեմին խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին և աշխարհի 2026 թվականի առաջնության կազմակերպիչներին։
Սիեթլում Եգիպտոսի հետ գրանցված ոչ-ոքիից (1-1) հետո, որը պահպանեց իրանցիների շանսերը փլեյ-օֆֆում, հարձակվողը հայտարարել է, որ լոգիստիկայի հետ կապված մշտական խնդիրների և աջակցության բացակայության պատճառով մրցաշարն իր թիմի համար աղետի է վերածվել։
«Մենք հենց սկզբից բողոքում ենք դրանից։ Սա աղետ է, այլ ոչ թե աշխարհի առաջնություն։ Աղետ։ Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք պրոֆեսիոնալ մրցաշարում, սա սխալ է, սա անարդար է։ Եթե ՖԻՖԱ-ն դա արդարացի է համարում՝ շատ լավ, դա իրենց խնդիրն է։ Բայց սա անարդար է։ Ո՞վ է ուզում օգնել մեզ. ոչ ոք։ Ոչ ոք չի օգնում։ Ո՞վ պետք է լուծի այս խնդիրները մեզ համար. ՖԻՖԱ՞-ն, չգիտեմ։ ԱՄՆ՞-ն, չգիտեմ։ Նշեք ինձ գոնե մեկ անուն։ Առաջին խաղից հետո Ջանի Ինֆանտինոն եկավ մեր հանդերձարան և ասաց, որ կլուծի բոլոր հարցերը, բայց իրականում ՖԻՖԱ-ն ոչինչ չի արել»,- Տարեմիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Խմբային փուլի վերջին խաղում Իրանը 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը Եգիպտոսի հետ։ 93-րդ րոպեին իրանցիները գոլ են խփել, որը կարող էր հաղթանակ և փլեյ-օֆֆի ուղիղ ուղեգիր պարգևել նրանց, սակայն VAR համակարգը չեղարկել է դարպասի գրավումը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։
Այսպիսով, վաստակած երեք միավորով Իրանը զբաղեցնում է G խմբի երրորդ հորիզոնականը և դեռևս պահպանում է 1/16 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները։ Թիմն իր բոլոր երեք հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ Նշենք, որ նմանատիպ ցուցանիշով Կաբո Վերդեի հավաքականն իր խմբում երկրորդ տեղից դուրս էր եկել փլեյ-օֆֆ։
























































