ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում ավարտվեցին D խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնք աչքի ընկան դրամատիկ սցենարներով և պատմական արդյունքներով։
Լոս Անջելեսում կայացած խաղում Թուրքիայի հավաքականը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց ԱՄՆ-ի ընտրանուց։
Հանդիպումը մեկնարկեց խելահեղ տեմպով. արդեն 3-րդ րոպեին ամերիկացի պաշտպան Օսթոն Թրասթին բացեց հաշիվը։ Թուրքերին պահանջվեց ընդամենը յոթ րոպե հավասարությունը վերականգնելու համար. աչքի ընկավ Արդա Գյուլերը։ 31-րդ րոպեին Բարիշ Յըլմազի խփած գոլի շնորհիվ Թուրքիան առաջ անցավ հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, ԱՄՆ-ի կիսապաշտպան Սեբաստիան Բերհալթերը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 2:2։
Խաղի վերջակետը դրվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ 90+8-րդ րոպեին Կաան Այհանը հաղթանակ պարգևեց Թուրքիային, որը, սակայն, մրցաշարային աղյուսակում ոչինչ չփոխեց։
Չնայած պարտությանը, Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած ԱՄՆ-ի հավաքականը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ 1/16 եզրափակիչում ամերիկացիները կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։ Թուրքիան 3 միավորով եզրափակեց քառյակը և հրաժեշտ տվեց Աշխարհի առաջնությանը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար Սանտա Կլարայի «Լևայս» ստադիոնում ուժերն էին չափում Ավստրալիայի և Պարագվայի հավաքականները։ Այս հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Վիճակագրության համաձայն՝ ավստրալացիները 5 անգամ են հարվածել դարպասի ուղղությամբ, մինչդեռ հարավամերիկացիները՝ ընդամենը 2։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ավստրալիայի կիսապաշտպան Էյդեն Օ’Նիլը։
Այս ոչ-ոքին Ավստրալիայի հավաքականին պատմական արդյունք ապահովեց։ Թիմը վաստակեց 4 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցելով Պարագվային՝ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Ավստրալիան իր պատմության մեջ առաջին անգամ երկու Աշխարհի առաջնություններում անընդմեջ դուրս է գալիս փլեյ-օֆֆ (ԱԱ-2022-ում թիմը հասել էր 1/8 եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով զիջել էր ապագա չեմպիոն Արգենտինային):
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Ավստրալիան կմրցի G խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ։ Պարագվայը 4 միավորով հանգրվանեց երրորդ հորիզոնականում։























































