ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը շարունակում է ուրախացնել ֆուտբոլասերներին գոլառատ ու դիտարժան հանդիպումներով։ Նորվեգիայի հավաքականը վստահ քայլերով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում, իսկ Ալժիրը կարևոր և կամային հաղթանակ գրանցեց։
Նյու Ջերսիում կայացած I խմբի հանդիպումն իսկական տոն էր երկրպագուների համար։ Նորվեգիայի ընտրանին 3:2 հաշվով ծանր, բայց կարևոր հաղթանակ տոնեց Սենեգալի նկատմամբ։
Սկանդինավյան թիմին հաղթանակ պարգևեցին Էռլինգ Հալանդի դուբլը և Մարկուս Պեդերսենի գոլը, մինչդեռ աֆրիկյան թիմի կազմում երկու անգամ աչքի ընկավ Իսմաիլա Սառը։ Խաղի 63-րդ րոպեին սենեգալցիները լուրջ կորուստ ունեցան. վնասվածքի պատճառով փոխարինվեց հիմնական դարպասապահ Էդուար Մենդին՝ տեղը զիջելով Մորի Դիավին։
Հատկանշական է, որ Էռլինգ Հալանդն այժմ իր ակտիվում ունի չորս գոլ (ընդամենը 2 խաղում) և մրցաշարի ռմբարկուների ցուցակում Կիլիան Մբապեի հետ կիսում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն արգենտինացի Լիոնել Մեսսիին (5 գոլ)։
Այս հաղթանակից հետո Նորվեգիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և Ֆրանսիայի (6 միավոր) հետ միասին ժամկետից շուտ ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։ Սենեգալն ու Իրաքը դեռևս միավոր չունեն։ Հունիսի 26-ին խմբի առաջատարի կոչումը կվիճարկեն անմիջապես Ֆրանսիան ու Նորվեգիան, իսկ Սենեգալը կխաղա Իրաքի հետ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մեկ այլ՝ J խմբի խաղում, որը կայացավ Սան Ֆրանցիսկոյում, Ալժիրի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ կորզեց Հորդանանի ընտրանուց։
Հանդիպման սկիզբն ալժիրցիների համար բարենպաստ չէր. 36-րդ րոպեին կիսապաշտպան Նիզար Ալ-Ռաշդանն առաջ մղեց Հորդանանին։ Սակայն երկրորդ խաղակեսում Ալժիրը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը. Նադիր Բենբուալիի և Ամին Գուիրիի դիպուկ հարվածները թիմին բերեցին չափազանց կարևոր երեք միավոր։
Այս խմբում բացարձակ առաջատարն Արգենտինան է (6 միավոր), որն արդեն իսկ նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Ավստրիան ու Ալժիրը վաստակել են 3-ական միավոր, իսկ Հորդանանը եզրափակում է մրցաշարային աղյուսակը (0 միավոր)։ Հունիսի 27-ին կայանալիք երրորդ տուրում Ալժիրը վճռորոշ խաղում կմրցի Ավստրիայի հետ, իսկ Հորդանանը կփորձի միավորներ խլել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայից։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
J խմբի աղյուսակն այս պահին
























































