Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ զրույցում համեմատել է Բրազիլիայի և Արգենտինայի ազգային հավաքականները։ Կառլոսն անկեղծորեն խոստովանել է, որ այս պահին արգենտինացիներն ավելի ուժեղ են։
«Եկեք մոռանանք անցյալը և կենտրոնանանք ներկայի վրա. դուք աշխարհի գործող չեմպիոններն եք։ Բրազիլիան պետք է բարելավի իր խաղը, որպեսզի կարողանա հաղթել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինային։
Կարծում եմ՝ Արգենտինան այժմ առաջ է Բրազիլիայից։ Նախ՝ նրանք ունեն մարզիչ [Լիոնել Սկալոնին], որն արդեն տևական ժամանակ աշխատում է թիմի հետ։ Եվ երկրորդ՝ նրանք ունեն Լեո Մեսսի, որը միանշանակ չափանիշ է համաշխարհային ֆուտբոլի և մեր դարաշրջանի համար»,- նշել է Կառլոսը։
Բրազիլացի լեգենդը նաև հույս է հայտնել, որ իր հայրենիքի հավաքականը կվերագտնի իր նախկին փառքը.
«Բրազիլիան կարող է դուրս գալ աշխարհի հաջորդ առաջնության եզրափակիչ, եթե շարունակի աճ գրանցել և ավելացնել խաղի որակը։ Այսքան տարի անց կրկին Մունդիալի եզրափակչում խաղալը չափազանց կարևոր կլիներ մեր երկրի համար»,- եզրափակել է աշխարհի 2002 թվականի չեմպիոնը։
























































