Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվությունը տրանսֆերային շուկայում և համաձայնության է հասել ևս մեկ բարձրակարգ ֆուտբոլիստի հետ։ Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արդեն նախկին ավագ Բեռնարդու Սիլվան տեղափոխվել է «արքայական» ակումբ։
31-ամյա պորտուգալացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանագիր են կնքել «2+1» ձևաչափով։ Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը կարվի առաջիկայում։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պայմանագիր էին առաջարկել նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն», սակայն Բեռնարդուն նախընտրել է «Ռեալի» տարբերակը։
Հատկանշական է, որ սա մադրիդցիների արդեն չորրորդ ձեռքբերումն է ընթացիկ ամռանը։ Մինչև Սիլվայի տեղափոխությունը ակումբն իրականացրել էր նաև Մարկ Կուկուրելյայի, Դենզել Դումֆրիսի և Իբրահիմա Կոնատեի տրանսֆերները։


























































