Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն վտանգում է բաց թողնել 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպումները՝ ընկերական խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այս մասին հայտնում է հեղինակավոր Goal պարբերականը։
Շաբաթ օրը Պորտուգալիայի ընտրանին ընկերական հանդիպում է անցկացրել Չիլիի հավաքականի հետ և առավելության հասել 2:1 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտում ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում բախման գլխավոր հրահրողները՝ Լեաուն և չիլիացի Իվան Ռոմանը, կարմիր քարտ են ստացել ու հեռացվել խաղադաշտից։
Ըստ աղբյուրի՝ ոչ սպորտային պահվածքի համար նախատեսված որակազրկումը ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ կարող է տարածվել նաև պաշտոնական հանդիպումների վրա։ Մինչև ԱԱ-2026-ի մեկնարկը պորտուգալացիները չորեքշաբթի ևս մեկ ընկերական հանդիպում ունեն՝ այս անգամ Նիգերիայի դեմ։ Սակայն, եթե Լեաուն որակազրկվի մի քանի խաղով, ապա պատիժը կտեղափոխվի Մունդիալ, և նա ստիպված կլինի բաց թողնել աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպումները։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է նույն խմբում Ուզբեկստանի, Կոլումբիայի և Կոնգոյի ԴՀ թիմերի հետ։ Ինչ վերաբերում է Չիլիի հավաքականին, ապա նրանք չեն կարողացել նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։

























































