Ռուս հայտնի մարզական մեկնաբան Դմիտրի Գուբերնիևն արձագանքել է շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայում:
«Հնարավոր է՝ Սաուդյան Արաբիայում Սպերցյանին շատ մեծ գումարներ առաջարկեն: Այստեղ կարևոր է, թե նա ինչ կընտրի՝ վառ պայքար Ռուսաստանի առաջնությունում, թե՞ լճացում Սաուդյան Արաբիայի առաջնությունում»,- Գուբերնիևի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն:
Ավելի վաղ ինքը՝ Սպերցյանը, չէր բացառել, որ արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը կրասնոդարյան թիմի կազմում: Զանգվածային լրատվամիջոցներն արդեն մի քանի տարի է, ինչ հայ ֆուտբոլիստի անունը կապում են եվրոպական տարբեր ակումբների հետ: Ընդ որում, այս պահին հստակ հայտնի չէ, թե կոնկրետ որ թիմերն են հետաքրքրված նրա ծառայություններով:
Օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Սպերցյանի համար մղվող պայքարին միացել է Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող թոփ ակումբներից մեկը, որը պատրաստ է կիսապաշտպանին ֆինանսական շատ շահավետ պայմաններ առաջարկել:




























































