Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է «Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ վնասվածքի լրջությունը պարզ կդառնա միայն խորացված բուժզննումից հետո։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը վնասվածք էր ստացել MLS-ի կանոնավոր առաջնության՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ գոլառատ խաղում (6:4) և ստիպված էր լքել խաղադաշտը 73-րդ րոպեին։
«Ինտեր Մայամիի» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 38-ամյա ֆուտբոլիստի նախնական ախտորոշումը ձախ ազդրի մկանային գերհոգնածություն և ծանրաբեռնվածություն է։
«Նախնական արդյունքներն այնքան էլ հիասթափեցնող չեն։ Այժմ մենք պետք է հետևենք նրա ապաքինման ընթացքին և սպասենք լրացուցիչ հետազոտությունների պատասխաններին՝ հասկանալու համար, թե արդյոք դրանք հաստատում են նախնական բժշկական եզրակացությունները։ Բնականաբար, մենք բոլորս կցանկանայինք, որ Լեոն հավաքականի ճամբար ժամաներ 100 տոկոսանոց պատրաստվածությամբ, սակայն այս պահին իրականությունն այլ է»,- Սկալոնիի խոսքերն է փոխանցում ESPN-ը՝ վկայակոչելով DSports-ին։
Նշենք նաև, որ Արգենտինայի հավաքականն առաջիկայում հանդես է գալու J խմբում, որտեղ աշխարհի գործող չեմպիոնների մրցակիցները կլինեն Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի ընտրանիները։
























































