Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Speedline-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»։ «Կարմիրներն» Օլիսեին դիտարկում են որպես Մոհամեդ Սալահին արժանի փոխարինող և պատրաստ են նրա տրանսֆերի դիմաց վճարել ռեկորդային՝ 170 միլիոն եվրո։
Եթե Մայքլ Օլիսեի տեղափոխությունն իրականանա նշված գումարով, այն բացարձակ ռեկորդ կդառնա մերսիսայդյան ակումբի պատմության մեջ՝ էականորեն գերազանցելով Ֆլորիան Վիրցի (125 մլն եվրո) և Ալեքսանդր Իսակի (150 մլն եվրո) համար վճարված տրանսֆերային արժեքները։
Ընթացիկ մրցաշրջանում Մայքլ Օլիսեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 31 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբը 2024 թվականին ֆրանսիացու տրանսֆերի համար անգլիական «Քրիսթալ Փելասին» վճարել էր 53 միլիոն եվրո։



























































