Մադրիդի «Ռեալի» և Լևերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, կարծես, շտապել է Լոնդոնի «Չելսի» իր տեղափոխության մասին հայտարարության հարցում։
Կիրակի առավոտյան իսպանացի մասնագետն իր X սոցցանցի պաշտոնական էջում կիսվել է հեղինակավոր MARCA պարբերականի հոդվածով, որտեղ նշվում էր նրա՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության մասին։ Գրառումն ուղեկցվել է «Խաբի Ալոնսոն մոտ է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն» գրությամբ և հոդվածի հղումով։
Գրառումը վայրկյանների ընթացքում մեծ տարածում է գտել համացանցում և արտատպվել հայտնի լրագրողների ու պարբերականների կողմից, ինչից հետո Ալոնսոն անմիջապես ջնջել է այն, քանի որ պաշտոնապես դեռ ոչինչ հաստատված չէ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի և անգլիական առաջատար ԶԼՄ-ների (Sky Sports, The Guardian)՝ կողմերն արդեն սկզբունքային համաձայնության են եկել 4 տարվա պայմանագրի շուրջ, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականը։ Ալոնսոն արդեն ժամանել է Լոնդոն՝ ղեկավարության հետ գործարքի վերջին մանրամասները քննարկելու համար։
Սպասվում է, որ լոնդոնյան ակումբը մասնագետի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարի արդեն այսօր, իսկ իր պարտականությունների կատարմանն Ալոնսոն կանցնի հուլիսի սկզբից։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը հունվարի 12-ին էր հեռացվել Մադրիդի «Ռեալից»՝ անկայուն արդյունքների պատճառով։ Նրա համար Անգլիան ծանոթ միջավայր է դեռևս «Լիվերպուլում» որպես ֆուտբոլիստ հանդես գալու տարիներից։
Լոնդոնյան ակումբը շարունակում է մարզչական կայունություն փնտրել անհաջող մրցաշրջանից հետո։ Շաբաթ օրը «Չելսին» Անգլիայի Գավաթի եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», ինչն էլ ավելի ընդգծեց թիմում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Ալոնսոյի ժամանումը կոչված է նոր էջ բացել Սթեմֆորդ Բրիջում:




























































