«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ և կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (TFWA) վարկածով ճանաչվել է Անգլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական էջը X սոցիալական ցանցում։
Պորտուգալացի աստղը հաղթող է ճանաչվել TFWA-ի 900 անդամների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում։ Ֆերնանդեշին մրցանակը կհանձնվի մայիսի 19-ին Լոնդոնում կայանալիք ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ։
Հատկանշական է, որ լավագույնների պայքարում «կարմիր սատանաների» առաջատարը շրջանցել է «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին (2-րդ տեղ) և «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հալանդին (3-րդ տեղ)։
Ընթացիկ մրցաշրջանում Բրունուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և տպավորիչ 21 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նշենք, որ պորտուգալացու գործող պայմանագիրը մանկունիացիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, իսկ Transfermarkt հեղինակավոր պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո։




























































