«Բարսելոնան» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հրաժեշտ տա պաշտպանական գծի մի քանի առաջատար ֆուտբոլիստների։
Ինչպես հաղորդում է Diario SPORT պարբերականը, ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել իսպանացի Ալեխանդրո Բալդեի, ֆրանսիացի Ժյուլ Կունդեի և ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերային առաջարկները։ Ընդ որում, «կապտանռնագույնները» մտադիր չեն զիջումներ անել պոտենցիալ գնորդներին և ակնկալում են խոշոր գումար վաստակել այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի վաճառքից։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գոհ է պաշտպանների ելույթներից, և նրանք շարունակում են մնալ գերմանացի մասնագետի ծրագրերում։ Այնուամենայնիվ, ֆինանսապես շահավետ առաջարկների դեպքում «Բարսելոնան» պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ակումբից հեռանալու ամենահավանական թեկնածուն համարվում է սեփական սան Ալեխանդրո Բալդեն։ 22-ամյա ձախ պաշտպանի տրանսֆերային արժեքի մեկնարկային գինը սահմանվել է մոտ 50 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 55 միլիոն եվրո։
Հավելենք, որ Լա լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 33 տուրերից հետո «Բարսելոնան» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 85 միավոր։ Կատալոնացիների առավելությունը երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 11 միավոր է։



























































